«Խոսքով ընկանք ու մոռացանք ժամանակի մասին»․ Ավստրիայի նախագահը կնոջ հետ խախտել է ինքնամեկուսացման պահանջները
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենին և կնոջը՝ Դորիս Շմիդաուերին, նախօրեին նկատել են Վիեննայի ռեստորաններից մեկում, որը կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով չպետք է աշխատեր մինչև ուշ գիշեր, գրում է BBC-ն։
Նշվում է, որ զույգին կիրակի գիշերը նկատել է ոստիկանությունը։ Երբ իրավապահները մոտեցել են պարզելու՝ ինչու են այցելուներն այդ ուշ ժամին ռեստորանում, զարմանքով պարզել են, որ օրինախախտ անձինք երկրի նախագահն ու նրա տիկինն են։ Ոստիկանությունը, այնուամենայնիվ, տեղի ունեցածի մասին հաշվետվություն է ուղարկել տեղի դատարան, որտեղ պետք է որոշեն ռեստորանին տուգանելու հարցը։
«Ինքնամեկուսացման ռեժիմի հայտարարումից հետո առաջին անգամ դուրս եկա կնոջս և երկու ընկերներիս հետ։ Մենք խոսքով ընկանք ու մոռացանք ժամանակի մասին։ Ես իսկապես ցավում եմ, իմ կողմից կոպիտ սխալ էր»,- հայտնել է նախագահը։
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ ռեստորաններն ու սրճարանները, որոնց թույլատրվել է վերաբացվել անցած շաբաթ, պետք է փակվեն ժամը 23:00-ից ոչ ուշ։
Ռեստորանը կարող է տուգանվել խախտման համար, սակայն Վան դեր Բելենը հայտարարել է, որ եթե սեփականատերը միջադեպի հետևանքով որևէ վնասներ կրի, ապա «պատասխանատվությունն իր վրա կվերցնի»։










