Կորոնավիրուսով վարակվածների թվով 100 հազար բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է նախկին ԽՍՀՄ տարածքում, բացառությունը միայն Բելառուսն է, բայց այս տեմպով Բելառուսին էլ կանցնենք. Հ. Բագրատյան

15:43 • 25.05.20

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների այսօրվա ռեկորդային ցուցանիշին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։

100000 բնակչի հաշվով ՀՀ-ն «առաջատար» է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ Բացառություն է կազմում միայն Բելառուսը։

Այս երկիրը, ինչպես և Շվեդիան, կարանտինային միջոցառումներ չի իրականացրել։ Արդյունքը սարսափելի է։ Գլխներին են խփում արդեն ուշ է։ ՀՀ-ն իբր թե ԱԴ է մտցրել, նույնիսկ պարետ ունի։

Բայց արի ու տես վիճակը նույնքան վատ է։ Այս տեմպերով մի քանի օրից Բելառուսին էլ կանցնենք»:

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 7113 դեպք, մահացել է 87 քաղաքացի: Եվս 39 վարակակիր մահացել է այլ հիվանդությունից: