Իսրայելում սկսվել է Նեթանյահուի դեմ դատական գործընթացը
Իսրայելում մայիսի 24-ին տեղի է ունեցել երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված երեք գործերով Երուսաղեմի շրջանային դատարանի առաջին նիստը, որը տևել է շուրջ մեկ ժամ: Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը:
Նշվում է, որ Նեթանյահուն պահանջել է տեսահեռարձակել նիստի ամբողջ ընթացքը, սակայն դատարանը մերժել է: Դատարանի դահլիճում գտնվել է շուրջ 20 մարդ. նրանք բոլորը բժշկական դիմակներով են եղել կորոնավիրուսից պաշտպանվելու համար:
Yedioth Ahronoth պարբերականը տեղեկացնում է, որ նիստը տեխնիկական բնույթ է կրել: Գործի առարկայական քննությունը կարող է սկսվել կես կամ մեկ տարուց: Այս համատեքստում պարբերականը հիշեցնում է, որ երկրի նախկին վարչապետ Էհուդ Օլմերթի դեմ գործը հարուցվել էր 2007 թվականին, դատարան էր փոխանցվել 2009-ին, 2012 թվականին նա մեղավոր էր ճանաչվել և միայն 2014 թվականին հրապարակվել էր դատարանի վերջնական որոշումը:
Ինչ վերաբերում է Նեթանյահուին, ապա նրա գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին և կանցնի արդեն առանց վարչապետի ներկայության:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կդատեն կոռուպցիայի մեղադրանքով:
Ինքը` Նեթանյահուն, բոլոր մեղադրանքները ժխտում է, ինչպես նաև մերժում է հակառակորդների` հրաժարական տալու առաջարկը: Նա մեղադրանքները բնորոշում է որպես «վհուկների որս»` կազմակերպված քաղաքական հակառակորդների կողմից:










