Դանակահարություն Հրազդան քաղաքում․ 36-ամյա բնակիչը տվել է ինքնախոստովանական բացատրություն (տեսանյութ)

21:32 • 25.05.20

Մայիսի 21-ին, ժամը 23-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 27-ամյա մի բնակիչ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Իրավապահները մեկնել էին հիվանդանոց, արձանագրել որտեղից և ինչ ախտորոշմամբ է քաղաքացին բժշկական կենտրոն տեղափոխվել: Զրուցել էին նրա հետ: Սակայն վնասվածք ստացողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները, հայտնել, թե վնասվածքը ստացել է շենքի բակում ընկնելու հետևանքով: Բայց հետագա միջոցառումներով ոստիկաններն այլ բան պարզեցին:


Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր նույն թաղամասի 36-ամյա մի բնակիչ:

Ժամը 23.40-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: