Արքայազն Ուիլյամը մարդկանց կոչ է արել խոսել իրենց ընկճախտի մասին և ընդգծել, որ հոգեկան առողջության թեման չափազանց հոգեհարազատ է իրեն և կնոջը (տեսանյութ)

15:28 • 25.05.20

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հոգեկան առողջության իրազեկման շաբաթվա ավարտը նշանավորող Անգլիկան եկեղեցու համար նկարահանված տեսանյութում մարդկանց կոչ է արել բարձրաձայնել ընկճախտի մասին, գրում է Daily Mail-ը։

Քեմբրիջի 37-ամյա դուքսը խոստովանել է, որ հոգեկան առողջության թեման չափազանց հոգեհարազատ է իրեն և 38-ամյա կնոջը՝ Քեյթ Միդլթոնին։

Արքայազն Ուիլյամը, որը կորոնավիրուսի ֆոնին ինքնամեկուսացել է կնոջ և երեք երեխաների հետ, ընդգծել է հատկապես այս օրերին ընկճախտի ախտանիշների ճանաչման կարևորությունը՝ նշելով, որ «այդպիսի զգացողություն ունենալը բնական է»։

«Մենք վճռական ենք տրամադրվել անել ամեն ինչ հոգեկան առողջության վերաբերյալ խարանը ոչնչացնելու համար»,- ասել է նա։

«Մենք չպետք է թերագնահատենք կորոնավիրուսի ազդեցությունը մեր, ինչպես նաև մեզ շրջապատող անձանց վրա։ Անկախ նրանից՝ կորցրել ենք արդյոք սիրելի մարդկանց, թե ոչ, անհանգստանում ենք նրանց համար, պայքարում ենք, թե մեկուսացել ենք տանը, մտահոգված ենք աշխատանքի անվտանգության կամ առաջնագծում աշխատելու համար, այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ միմյանց հետ խոսենք մեր խնդիրների մասին»,- հավելել է նա։

Արքայազն Ուիլյամը նշել է, որ հատկապես մտահոգված է այն հարցով, թե ինչպես երիտասարդները կկարողանան երկարաժամկետ հեռանկարում հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով իրենց առջև ծառացած խնդիրները։