Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից պայմանավորված է լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ, մյուս կողմից՝ քաղաքացիների վարքագծով. Լիանա Թորոսյան

18:48 • 25.05.20

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից պայմանավորված է լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ, արագ արձագանքման համակարգով, մյուս կողմից՝ քաղաքացիների վարքագծով: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ նշելով, թե դեպքերը գրանցվում են ինչպես անհատական, օջախային, այնպես էլ առանձին տնտեսվարողների մոտ:

«Դրանից բացի՝ բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ»,-հավելեց նա՝ ընդգծելով, թե թվերի աճն ազդակ է, որ ձեռնարկվող միջոցառումների կանոնները պահպանվեն հավուր պատշաճի:

«Ես շրջում եմ քաղաքում և տեսնում եմ մեր ազգաբնակչության վերաբերմունքը, օրինակ՝ դիմակ կրելը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դիմակ կրելը մի բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան: Անհրաժեշտ է բոլոր կանոններին ճիշտ հետևել, որպեսզի կարողանանք երկրում իրավիճակը կայունացնել»,-նշեց նա:

Հարցին՝ ինչու՞ է այլ երկրներում վարակվածության թվերի անկում նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, Թորոսյանը պատասխանեց, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են նաև ՀՀ-ում, բայց այստեղ կա աչալրջության ու կարգապահության հարց, և անկախ նրանից՝ անհատ է, թե կազմակերպություն, յուրաքանչյուրը պետք է իրեն պատասխանատու զգա:

«Պետք է զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: Հարգելի՛ քաղաքացիներ, նման միջոցառումները կարող են ձեզ վնասել, նոր օջախների, նոր մահվան դեպքերի պատճառ դառնալ»,-ասաց նա՝ հորդորելով հնարավորության սահմաններում չմասնակցել նման միջոցառումների:

Հիշեցնենք՝ մայիսի 25-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած: