Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես՝ դեռևս հունվարին. Արթուր Վանեցյանը՝ իր և Միքայել Մինասյանի ցանկությունների համընկնման մասին
Այդ հայտարարության հետ կապված ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ, և այդ գործի շրջանակներում իրականացվում է նախաքննություն, և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ այս գործի հետ կապված: Ես ոչ հերքում եմ, ոչ չեմ հերքում, չեմ մեկնաբանում: Այս մասին Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ՀՀ վարչրապետ Նիկոլ Փաշինյանի անունից առաջարկե՞լ է, որ դադարեցնի քաղաքական գործունեությունը, սիմվոլիկ գումար վճարի, և այդպիսով իր դեմ եղած քրեական գործերը կկասեցվեն:
Դիտակմանը, թե Վանեցյանը նախորդ տարվա սեպտեմբերին ասել է, որ իրեն չկապեն «նախկինների» հետ, իսկ Միքայել Մինասյանը մարդ է, ով պետք է օրենքի առջև պատասխան տա, և հարցին՝ իր կարծիքով՝ Միքայել Մինասյանը քրեական հանցագործություննե՞ր է կատարել, Վանեցյանն արձագանքեց. «Իմ կարծիքը որևէ նշանակություն չունի: Եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացացած անձի մեղավորությունը, և դատարանը կճանաչի նրան մեղավոր, ուրեմն՝ այդ մարդը մեղավոր է»:
Դիտարկմանը՝ ինքը տևական ժամանակ ԱԱԾ տնօրեն է եղել, այդ ընթացքում ինչ-որ հանգամանքներ եղե՞լ են, որ ենթադրություն են տալիս, որ Մինասյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, Վանեցյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ, որ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածի տվյալները ես երբեք չեմ հրապարակելու»:
Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իր և Միքայել Մինասյանի ցանկությունները համընկան վարչապետի փոփոխության, նոր Կառավարություն ունենալու հարցում, Վանեցյանը պատասխանեց, թե վարչապետի հրաժարականի մասին առաջինը խոսել է ինքը՝ դեռևս հունվար ամսին: «Հիմա, երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել, իսկ վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»,-նշեց նա:
Վանեցյանից հետաքրքրվեցին նաև՝ ինչու՞ է երթևեկում ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենայով, ինչին Վանեցյանը պատասխանեց. «Մեքենան գնվել է Ռուսաստանից: Ուզում եմ փոխել հայկական պետհամարանիշների, կորոնավիրուսի հետ կապված չեմ կարողանում մեկնել»,-ասաց նա՝ նշելով, թե դրանում բացարձակ քաղաքական մեսիջ չկա:










