Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

10:48 • 25.05.20

Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ երեկ սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին բերված քաղաքացին ենթարկվել էր բռնության: Նաև հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում:

Ավելի ուշ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանական ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևան: Բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են դադարեցնել ակցիան և վերադառնալ իրենց համայնք՝ Քաջարան՝ պայմանով, որ ձերբակալվածների նկատմամբ տեղի ունենալիք գործողությունները կատարվեն օրենքի շրջանակում: