«Ներողություն խնդրելու կարիք չկար». ավստրիացիներն իրենց աջակցությունն են հայտնել կորոնավիրուսի համավարակի սահմանափակումը խախտած և դրա համար ժողովրդից ներողություն խնդրած նախագահին
Ավստրիայի բնակիչները սոցիալական ցանցերում բացահայտ կերպով աջակցություն են հայտնել երկրի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենին, որը խախտել է կորոնավիրուսի համավարակի ֆոնին սահմանված կանոններից մեկը և ժամը 23։00-ից հետո սրճարանում գտնվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ավստրիայի նախագահին և նրա կնոջը՝ Դորիս Շմիդաուերին, նախօրեին նկատել էին Վիեննայի ռեստորաններից մեկում, որը կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով չպետք է աշխատեր մինչև ուշ գիշեր: Նշվում է, որ զույգին կիրակի գիշերը նկատել է ոստիկանությունը։ Երբ իրավապահները մոտեցել են պարզելու՝ ինչու են այցելուներն այդ ուշ ժամին ռեստորանում, զարմանքով պարզել են, որ օրինախախտ անձինք երկրի նախագահն ու նրա տիկինն են:
Նշվում է, որ միջադեպից հետո նախագահ Վան դեր Բելենը հայտարարությամբ է հանդես եկել և նշել, որ սահմանափակումներից հետո առաջին անգամ ընկերների և կնոջ հետ միասին գնացել է ռեստորան ընթրելու և, խոսքով ընկնելով, մոռացել է ժամանակի մասին։ «Ցավում եմ, դա սխալ էր․ եթե տնօրենը որևէ վնաս կրի դրա հետևանքով, ես պատասխան կտամ»,-ֆեյսբուքյան օգտահաշվում նշել է նախագահը։
Ելնելով հրապարակման «հավանումների» քանակից՝ օգտատերերը դրական են տրամադրված եղել նախագահի նկատմամբ և մեկնաբանությունների բաժնում իրենց աջակցությունն են հայտնել նրան և նշել, որ ներողություն խնդրելու կարիք չկար։










