Լուկաշենկոն բելառուսներին կոչ է արել պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին
Մինսկում կայացած սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերով խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պետք է պատրաստվի կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Այս մասին տեղեկացնում է belta.by կայքը:
Նախագահի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածության մակարդակը դեպի լավն է գնում:
«Վիտեբսկն արդեն փաստում է, որ հիվանդության առումով նրանց վիճակագրությունը ցածր է: Դրա վկայությունն այն է, որ մենք սկսել ենք մաքրել, ախտահանել այն հիվանդանոցները, որոնք որպես պահուստային տարբերակ պահել էինք կորոնավիրուսի համար»,-հստակեցրել է Բելառուսի նախագահը:
Լուկաշենկոն հավելել է, որ Մինսկի և Մոգիլյովի մարզերում նույնպես կայունություն է նկատվում:
«Միևնույն ժամանակ մենք պետք է մեր մտքին պահենք նաև երկրորդ ալիքը: Ոչ ոք չի ապացուցել, որ այն լինելու է, բայց մենք պարտավոր ենք պատրաստվել դրան»,-ասել է բելառուս առաջնորդը:
Լուկաշենկոյի խոսքով՝ ոչ ոք չգիտի, թե երբ կգա երկրորդ ալիքը, հնարավոր է այն նաև չլինի:
Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 198 դեպք, վարակման հետևանքով մահացել է 199 մարդ:










