«Բավականին ուժեղ ցնցում էր, իմ հետևում առարկաները շարժվում են»․ Նոր Զելանդիայի վարչապետն ուղիղ եթերով հարցազրույցի ժամանակ արձագանքել է 5,6 մագնիտուդ երկրաշարժին (տեսանյութ)
Երկուշաբթի վաղ առավոտյան 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցնցել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգթոնը, որտեղ այդ պահին վարչապետ Ջասինդա Արդերնն ուղիղ եթերում հարցազրույց տալիս է եղել, գրում է Daily Mail-ը։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ի սահմաններում՝ Վելինգթոնից մոտ 90 կմ հյուսիս՝ Լևին քաղաքում։
Վելինգթոնում, որտեղ Արդերնն առավոտյան հեռուստատեսությամբ հարցազրույց է տվել խորհրդարանի շենքից, ցնցումները բավական ուժեղ են եղել, թեև Նոր Զելանդիայի վարչապետը չի կորցրել ինքնատիրապետումը։
«Կարծես՝ թեթև երկրաշարժ է, Ռայան»,- ասել է Արդերնը հաղորդավար Ռայան Բրիջին, ապա հայացքով զննել իր շուրջբոլորը։
«Կասեի՝ բավականին ուժեղ ցնցում էր, եթե տեսնում եք իմ հետևում առարկաները շարժվում են»,- ժպիտով հավելել է նա, ապա կարճ ժամանակ անց ասել․ «Արդեն դադարեց։ Ամեն ինչ կարգին է, գլխավերևումս կախովի ջահ չկա»։
Նոր Զելանդիան գտնվում է Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակում, որտեղ տարեկան տեղի է ունենում ավելի քան 15 000 երկրաշարժ, որից միայն 100-150-ն է բավականաչափ ուժեղ։










