Երկշաբաթյա կարանտինից հետո Վրաստանի ԱԳՆ է այցելել Ուկրաինայից հետ կանչված վրացի դեսպանը` խորհրդակցությունների նպատակով
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն, որը խորհրդակցությունների նպատակով հետ էր կանչվել հայրենիք Ուկրաինայում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո, կարանտինի ժամկետի ավարտից հետո ներկայացել է երկրի արտգործնախարարություն: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
«Կարանտինն ավարտվել է, և ես եկել եմ խորհրդակցությունների: Պատճառը ձեզ շատ լավ հայտնի է: Ելնելով նոր ստեղծված իրականությունից՝ մենք կքննարկենք երկու գործընկեր երկրների համագործակցության հարցերը: Խորհրդակցությունները կսկսվեն այսօր: Չեմ կարող ասել, թե երբ դրանք կավարտվեն»,-ասել է Շարաշենիձեն լրագրողների հետ զրույցում:
Դեսպանը չի կարողացել պատասխանել՝ արդյոք ծրագրվում է նրա վերադարձն Ուկրաինա, թե ոչ:
«Դա իմ լիազորությունը չէ: Պարզ կլինի խորհրդակցությունների ավարտից հետո»,-ավելացրել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հետ է կանչվել Թբիլիսի:
Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանը չի նախատեսում խզել դիվանագիտական կապերը Ուկրաինայի հետ կամ վերանայել ռազմավարական գործընկերության հարցը, սակայն վրացական դատական համակարգի կողմից խուզարկվող և դատապարտված անձին Ուկրաինայում պաշտոնի նշանակումը հարցեր է առաջացնում:










