Ասում են՝  բռի կերպով, տղայիս քարշ տալով տարել են. Կապանում ձերբակալված Խորեն Միրզոյանի մայր (տեսանյութ)

17:59 • 25.05.20

Երեկ ամբողջ օրը ոստիկանությունում ենք եղել, ոստիկանները ոչ մի բան չեն ասում, ասում են՝ Երևանում կքննեն, Երևանում կպարզեն, եթե արդար լինի, դուրս կգա: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանում բերման ենթարկված Խորեն Միրզոյանի մայրը՝ Անուշ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան մի քանի քաջարանցի երիտասարդներ բերման են ենթարկվել։  Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ 4 երիտասարդները ձերբակալվել են թմրամիջոց օգտագործած մեկի ցուցմունքով։ Նրանցից մեկին՝ Նվեր Խաչատրյանին, ազատ են արձակել, քանի որ սխալմամբ էին բերման ենթակել։ Ձերբակալվածներից երկուսին՝ Խորեն Միրզոյանին և Լևոն Համբարձումյանին, տեղափոխել են Երևան:

«Տղայիս առավոտ ժամը 4-ին զանգել են, ինքը տանից դուրս է եկել, իր գործն այնպես է, որ պատահում է, որ շուտ է դուրս գալիս, պատահում է՝ ուշ, իմացա՝ գործի է գնում: Չգիտեմ՝ ով է զանգել, հետո իմացանք, որ տարել են Ոստիկանություն, բռնել են:  Դուրս գալուց հետո տուն չի վերադարձել, երկու ոստիկան եկան, ասացին՝ Խորենն ուր է, ասացի՝ տանը չի: Ընկերների, ում հետ որ բերման է ենթարկվել, ծնողներն են զանգել ասել, որ բերման են ենթարկել»,-պատմեց նա:

Կնոջ ներկայացմամբ՝ քրեական գործ է հարուցվել, ըստ որի՝ իբրև իր տղան և ընկերները ծեծել են այլ տղայի, և տղաների դեմ բողոքն ուղարկվել է Երևան: Ըստ նրա՝ տղաների դեմ բողոքը թմրամոլ տղա է գրել, որին չեն ճանաչում: «Չգիտեմ՝ ինչն է եղել խնդիրը, երևի ուզում են քաղաքապետին հանեն կամ նման մի բան: Ինքը «Աժդանակի»-ի կոոպերատիվի պետն էր, հնարավոր է, որ դա կապ ուներ այս ամենի հետ»:

«Ինքը ոչ մի բան անել չէր կարող, ակուրատնի տղա է, խուլիգան չէ, իր աշխատանքն ունի, հալալ քրտինքով աշխատում է, բոլորն էլ գիտեն: Նա ընդհանրապես ոստիկանների հետ կապ չի ունեցել, սա առաջին անգամն է, որ Ոստիկանությունում է հայտնվել: Տեսնողներն ասում են, որ բռի կերպով քաշել, տարել են, հանցագործի հետ էլ այդպես չեն վերաբերվում: Տասը ոստիկանական ավտոբուս էր եկել, ոնց որ մարդ է սպանել»,-ասաց նա և հավելեց, որ տղայի հետ խոսել չի կարողացել:

«Տղայիս հետ չեմ խոսել, հեռախոս չեն թողնում: Երեկ մի պահ տեսա ոստիկանների մոտ, չկարողացա խոսել»,-ներկայացրեց մայրը:

Մանրամասները՝ տեսանյութում։