Իսպանիան հուլիսի 1-ից կչեղարկի կարանտինն օտարերկրյա զբոսաշրջիկների համար

17:30 • 25.05.20

Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել հուլիսի 1-ից չեղարկել օտարերկրյա զբոսաշրջիկների համար 14-օրյա կարանտինային ռեժիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կառավարության հայտարարությանը։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նման որոշում է կայացվել երկուշաբթի տեղի ունեցած միջնախարարական հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին երկրի իշխանություններն արտասահմանից ժամանածների համար 14-օրյա կարանտինային ռեժիմ էին սահմանել։ Ներկայում զբոսաշրջիկների համար երկրի սահմանները փակ են, իսկ ավիահաղորդակցությունը խիստ սահմանափակ է։ Անցած շաբաթ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր, որ երկիրն արդեն հուլիսին պատրաստ կլինի օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 282 852 դեպք, հիվանդությունից մահացել է 28 752, ապաքինվել՝ 196 958 մարդ։