ՌԴ-ում հունիսին կսկսվեն կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումները․ մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 300 կամավոր

11:31 • 26.05.20

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն ավելի քան 300 կամավոր, ՏԱՍՍ-ին հայտնել է «Վեկտոր» վարակաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

Կլինիկական փորձարկումները ծրագրված է սկսել ընթացիկ տարվա հունիսի վերջին: Համաձայնելով փորձարկումներին՝ կամավորներն անպայման պետք է ստորագրեն տվյալ ընթացակարգերի անցկացման կարգին տեղեկացված լինելու վերաբերյալ փաստաթուղթ, հայտնել է նա։

«Պատվաստման ընթացակարգային նախագծի համաձայն՝ կամավորները մեկ օրով կտեղափոխվեն հիվանդանոց, անցանկալի երևույթների բացակայության դեպքում նրանք դուրս կգրվեն հաջորդ օրը։ Դրանից հետո բոլոր կամավորների նկատմամբ հետագա 7 օրերի ընթացքում կսահմանվի ամբուլատոր հսկողություն։ Պատվաստումից հետո որոշակի ժամկետներում կամավորները կայցելեն հետազոտական կենտրոն»,- պարզաբանել է կենտրոնի գլխավոր տնօրենը։

Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին մասնակցել ցանկացող կամավորների համար գոյություն ունի 20 կետից բաղկացած սահմանափակումների ցանկ: Մասնավորապես, կամավորներ չեն կարող լինել հղիներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։

Պատվաստումից հետո բոլոր կամավորները վեց ամսվա ընթացքում կգտնվեն հետազոտող բժշկի հսկողության տակ։ Կամավորները չեն ինքնամեկուսանան։