Համավարակի պայմաններում Արսեն Թորոսյանն այնքան ժամանակ ունի, որ դատարկաբանությանը մոտ գրառումներ է կատարում ֆեյսբուքում. Գևորգ Գորգիսյան

18:03 • 26.05.20

«Ինձ զարմացնում է, որ համավարակի պայմաններում նախարարն այնքան ժամանակ ունի, որ դատարկաբանությանը մոտ գրառումներ է կատարում ֆեյսբուքում»: Այս մասին ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Արսեն Թորոսյանի արձագանքին՝ իր հայտարությանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Գորգիսյանը տեսանյութ էր տարածել և գրել, որ «Դիմակի տուփի վրա գրված է, որ չի պաշտպանում COVID-19-ից»։ Թորոսյանը արձագանքել էր․ «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»,- գրել էր Թորոսյանը:

Գևորգ Գորգիսյանի դիտարկմամբ՝  նախարարը պատշաճ ժամանակ չի հատկացնում ծանոթանալու այն նյութին, որին ցանկանում է որևէ կերպ արձագանքել

«Եթե ծանոթանար, ապա նման արձագանքի կարիք չէր լինի: Երբ մենք ամիսներ շարունակ կոչ ենք անում լուրջ վերաբերվել համավարակին և ճիշտ քայլեր ձեռնարկել, Կառավարությունն իր անլրջությամբ քաղաքացիների մոտ այնպիսի մոտեցում ձևավորեց, որ քաղաքացիներն այլևս լուրջ չեն վերաբերում համավարակին»,-շեշտեց Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա, երբ այսօր պատգամավորներին կոչ արվեց դնել դիմակներ, որից հետո ԱԺ նախագահը սպառնաց, որ եթե դիմակներ չդնեն, ապա նկատողություն կանի, ԼՀԿ ղեկավարը օրինչափ հարց է բարձրացրել՝ արդյո՞ք ԱԺ նախագահն ունի նման լիազորություններ:

«Ես իմ ելույթում հիշեցրեցի «իմքայլականներին», որ եթե ինչ-որ մեկը եղել է, որ կոչ է արել դիմակ չկրել՝ եղել է իրենց նախարարն ու վարչապետը: Նաև հիշեցրել եմ, որ երբեմն դիմակների վրա գրվում է, որ այն կորոնավիրուսից չի պաշտպանում»,-ընդգծեց նա: