«Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը». Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին
Կորոնավիրուսը լուրջ փորձություն է դարձել, ՀԱՊԿ անդամ երկրները կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված»,-ասել է Լավրովը:
ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի ներուժը պահանջարկ ունի նման փորձությունները հաղթահարելու գործում:
«Ի շահ մեր երկրների քաղաքացիների բարօրության և անվտանգության պաշտպանության: Այդ իսկ պատճառով այսօր մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության առաջնահերթ քայլերը»,-հայտարարել է Լավրովը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:










