Ձախողելու և հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել. Լիլիթ Մակունցը՝ վարակակիրների թվերի ավելացման մասին
Դիմակներ կրելն առաջին հերթին պայմանվորված է պարետատան այն պահանջներով, որոնք հստակ մատնանշում են վիճակագրությունը, ինչպես նաև հետազոտությունների արդյունքները: Վարակակիրների թվերը խոսում են այն մասին, որ անձամբ վարակակաիր չլինելու մասին հստակ չենք կարող իմանալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ԱԺ-ում պարտադիր դիմակներ կրելն ինչով է պայմանավորված։
«Քանի որ այս պահին ՀՀ առողջապահության նախարարության և պարետատան ունեցած տվյալներով դիմակները կատարում են կանխարգելիչ գործառույթ, ուրեմն պետք է ինքներս այդ պատասխանատվությունը ստանձնենք և թույլ չտանք վարակի էլ ավելի տարածմանը»,- շեշտեց Մակունցը:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը նշում է, որ իշխող ուժն արդեն ձախողել է համավարակի դեմ պայքարը և դրա մասին խոսում են օրը 400-500-ի հասնող թվերը, Մակունցը արձագանքեց, որ ձախողելու և հաջողելու մասին այս պահին դեռ շատ վաղ է խոսել, քանի որ ըստ նրա՝ կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «Այս պահին խոսել ձախողումների կամ հաջողումների մասին, կարծում եմ տեղին չէ»:
«Այն ինչի վրա պետք է կենտրոնանանք այն է, որ պետք է անել առավելագույնը, որպեսզի ՀՀ-ում վարակի թվերը նվազեն, տարածումը հնարավորինս կարողանանք նվազեցնել, որպեսզի հաջողության հասնենք։ Նմատանիպ իրավիճակներում կարծում եմ՝ չպետք է լինի տարանջատում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մոտեցումների մեջ, որովհետև բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի այն, որ ՀՀ-ում այս իրավիճակում բոլոր քաղաքացիներս՝ անկախ քաղաքական հայացքներից, հաջողենք»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ վարակակիրների թվերի ավելացմանը զուգահեռ սահմանափակումները թուլացնում են, Մակունցը պատասխանեց, որ հարցի համար պետք է պարետատուն դիմել:










