Հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը. Լիլիթ Մակունցը՝ Արցախում առանց դիմակի երդմնակալության արարողության մասնակցելու մասին

15:02 • 26.05.20

Այս պահին կարծում եմ՝ չարժե կենտրոնանալ, թե օրենքի, որ տառն ինչ է ասում, ՀՀ-ում կա արտակարգ դրություն, կան թվեր, որոնք մտահոգիչ են բոլորիս համար և բոլորիս ուշադրությունը պետք է սևեռված լինի հենց այդ հանգամանքի վրա։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին, թե օրենքով պատգամավորներին չեն կարող դիմակ չկրելու համար դուրս հրավիրել։

Ըստ նրա՝ պատգամավորների դիմակ կրելն օրինակ կծառայի քաղաքացիների համար և այդ առիթով ԱԺ նախագահը միջոցներ է ձեռնարկում, որոնցով հնարավորինս կարող են կանխել սպառնացող վնասները: Դիտարկմանը, թե օրինակ՝ Արցախում, օրեր առաջ իշխանության ներկայացուցիչներն առանց դիմակների խնջույքի էին մասնակցում, որն արդեն թույլ է տալիս մտածելու, որ դիմակ կրելը պարտադիր չէ, Մակունցը արձագանքեց, որ խնջույք չի եղել և Արցախի նախագահի երդմնակալությունը խնջույք անվանելը հարգալից չէ:

«Ինչ վերաբերվում է մեր կողմից դիմակներ չկրելուն, պետք է վկայակոչեմ, որ արարողության մասնակցելու և դիմակներ չկրելու առումով մենք ընդունել ենք, որ այո՛, այնումենայնիվ, պետք է դիմակներ կրեինք, ինչի համար հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, սակայն այն որևէ կերպ չի փոխում Հայաստանում տիրող իրավիճակը և պետք է խստորեն հետևենք այդ կանոններին: Հորդորս է, կոչս է, խնդրանքս է, որ հետևենք կանոններին»,- նշեց Մակունցը: