Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
Պարոն Մարուքյան, կարծում եմ՝ պարոն Վարդանյանի զեկուցող լինելու հետ կապված, եթե մտահոգված եք, կարող եք հանգիստ պաշտպանել այլ երկրների, այդ թվում հարևան երկրների թեկնածուներին զեկուցողների համար: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, որ Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովում Վլադիմիր Վարդանյանը COVID-19-ով պայմանավորված՝ արտակարգ դրության պայմաններում պետք է հանդես գա զեկույցով և խոսի մարդկանց խախտված իրավունքներից:
Մարուքյանը նշել էր, որ նա չի կարող անաչառ զեկույց ներկայացնել:
Ռուբինյանը սակայն նշեց, որ ինքն այլ թեմայով է ցանկանում խոսել: «Ուզում եմ պատմել մի աբսուրդի մասին: Պարոն Մարուքյանը միշտ սիրում է ասել՝ ես խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարս: Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում, խորհրդարանական երրորդ ուժի ղեկավարը այն պայմաններում, որ Հայաստանում օրեկան մոտ 400 դեպք է գրանցվում կորոնավիրուսի վարակի, այն պայմաններում, որ երեկ գրանցվել է 6 մահ, այսօր 4 մահ, այն պայմաններում, երբ պարետատունը, կառավարությունը բոլոր այն մարդիկ, որոնք ունեն լսարան, պետք է իրենց լսարան ունենալը ծառայեցնեն նրան, որ պորպագանդեն, որ մարդիկ կրեն դիմակ, որովհետև ապացուցված է, որ դիմակ կրելը էականորեն նվազեցնում է համաճարակի տարածումը, այս մարդը Աժ-ում կռվում է դիմակ չկրելու իրավունքի համար սա ուղղակի խայատառակություն է»,- ասաց նա:
Ռուբինյանը նշեց, որ դա անպատասխանատվության գագաթնակետն է: «Այսպես լավ չէ, ես սպասում եմ, որ պարոն Մարուքյանը գնալու է ասուլիս տա, ու ասելու է՝ այ դիմակ չկրելը օգտագործում են, որ լռեցնեն ընդդիմությանը: Էդմոն Մարուքյանը համաճարակից հետո հիշվելու է որպես դիմակ չկրելու համար պայքարող անձ»,- եզրափակեց նա:










