10 -20 թեստ՝ 10 000 մարդու հաշվով․ աֆրիկյան երկրների հիմնական խնդիրը կորոնավիրուսի համավարակի ընթացքում թեստերի ոչ բավարար քանակությունն է

17:58 • 26.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Աֆրիկայում արտակարգ դրությանն արձագանքման ծրագրի ղեկավար Միշել Յաոն հայտարարել է, որ համավարակի ընթացքում աֆրիկյան երկրների հիմնական խնդիրն ու թույլ կողմը կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերի ոչ բավարար քանակությունն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Միշել Յաոն հայտարարել է, որ բավականաչափ թեստավորում չիրականացնող և թույլ առողջապահական համակարգ ունեցող աֆրիկյան երկրների՝ ժամանակից շուտ վերաբացումը կարող է վտանգավոր լինել։

«Մենք տեսնում ենք, որ մարդկանց մեծ մասն ախտանշաններ չեն ունենում։ Վարակակրի հետ շփման մեջ մտած և վարակման մեծ վտանգի տակ գտնվողներին թեստավորելը իրական թվերն իմանալու միակ ուղին է, իսկ շատ երկրներ դեռևս նման հնարավորություններ չունեն»,- հայտարարել է Յաոն՝ նկատելով, որ դա աֆրիկյան երկրների դառը ճշմարտությունն է։

Նշվում է, որ աֆրիկյան երկրներում 10 000 բնակչության համար մոտ 10-20 թեստ է անցկացվում, այն դեպքում, երբ Եվրոպայում այդ ցուցանիշը հավասար է մոտ 200-ի։ Միևնույն ժամանակ եվրոպական պետությունները կարող են իրենց երկրում թեստերի արտադրության ավելացման հաշվին իրենց ավելին թույլ տալ, ինչը հասանելի չէ Աֆրիկայի համար։ Յաոն հավելել է, որ Աֆրիկայում թեստերի հիմնական մասն արտասահմանից է ներկրվում։