«Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք»․ Արգենտինայում կորոնավիրուսի ֆոնին բուժաշխատողները զանգվածային բողոքի ցույց են անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)
Արգենտինական խոշոր Կորդոբա քաղաքում, չնայած կորոնավիրուսի համավարակին, առողջապահական ոլորտի աշխատակիցները և նրանց աջակցող բնակիչները զանգվածային ցույցեր են իրականացնում՝ բողոքելով իրավունքների խախտման, աշխատավարձերի ուշացումների և նրանց հասցեին անընդհատ հնչող մեղադրանքների համար, գրում է La Voz ամսագիրը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մարդիկ նախօրեին փողոցներ են դուրս եկել «Մենք հերոսներ կամ մարդասպաններ չենք։ Բավակա՛ն է դաժան վերաբերմունք ցուցաբերեք։ Բավակա՛ն է մեղադրեք մեզ։ Բավակա՛ն է սպառնաք» կարգախոսներով: Նշվում է նաև, որ բժիշկները բողոքում են ցածր աշխատավարձերից և դրանց պարբերական ուշացումներից։
Բողոքի ցույցի ընթացքում Կորդոբայի փողոցներում մեքենաների հսկայական խցանումներ են եղել։ Հաղորդվում է, որ ակցիային մեծ թվով մեքենաներ են եղել, որոնք, դանդաղորեն ազդանշաններ արձակելով, շարժվել են քաղաքի փողոցներով։ Մեքենաներից որոշների առջևի հատվածում բժշկական պաշտպանիչ հագուստներ են դրվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, վերջերս էլ Բելգիայի Սեն Պիեռ հիվանդանոցի աշխատակիցները «ամոթանքի միջանցք» են կազմել երկրի վարչապետ Սոֆի Ուլմեսի համար՝ վերջինիս դիմավորելով մեջքով շրջված:
Ինչպես երևում է համացանցում հրապարակված տեսանյութում, բուժանձնակազմը հիվանդանոցի բակում շարքով կանգնել է փողոցի երկու կողմում, և երբ վարչապետի շարասյունը մոտեցել է հիվանդանոցին, նրանք մեջքով են շրջվել դեպի մեքենաները:
Նշվում է, որ այդպիսով հիվանդանոցի աշխատակցները փորձել են իրենց դժգոհությունը հայտնել վերջին երկու ամսվա ընթացքում բարձր աշխատավարձերի և պարգևավճարների բացակայության պատճառով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:














