Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի 58 երկիր հետաձգել է ընտրությունները. Le Figaro
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհի 58 երկիր և տարածք հետաձգել է ընտրությունները, գրում է Le Figaro-ն:
«Արդյոք պե՞տք է երկրները կորոնավիրուսի համավարակի պայմաններում անցկացնեն ընտրություններ, թե՞ ավելի լավ է հետաձգել դրանք»,- գրում է ֆրանսիական պարբերականը և հավելում, որ այս հարցի ուսումնասիրմամբ զբաղվում է «Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտը» (IDEA), միջկառավարական կազմակերպություն, որի կազմում ներկայում 33 պետություն կա։
Մարտի 26-ին կազմակերպության ներկայացրած առաջին զեկույցի և ամենօրյա մոնիթորինգի համաձայն՝ ներկայում 58 երկիր և տարածք կորոնավիրուսի համավարակի հետևանքով որոշել է հետաձգել ընտրությունները, որից 18-ը համազգային ընտրություններ են եղել։
IDEA կազմակերպության գլխավոր տնօրեն Քևին Կասաս-Զամորայի խոսքով՝ նման գործողությունները մի շարք անցանկալի հետևանք կարող են ունենալ, օրինակ՝ ոչ կայուն ժողովրդավարության առաջնորդները կարող են օգտվել առիթից իրենց իշխանությունը պահելու համար։ Տնօրենի խոսքով՝ նման բան տեղի է ունեցել Բոլիվիայում, որի առաջնորդը հայտարարել է, որ մայիսին տեղի ունենալիք ընտրությունները հետաձգվում են անորոշ ժամանակով, ինչն էլ արդեն անվստահության առիթ է ստեղծում։
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ 25 երկիր էլ, իր հերթին, որոշել է ոչ թե հետաձգել ընտրությունները, այլ դրանք վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների սահմանմամբ անցկացնել։ Որոշ երկրներ որոշել են քվեարկությունը մի քանի օր ձգել, որպեսզի խուսափեն մարդկանց մեծ կուտակումներից, դիտարկվում է նաև փոստային համակարգի միջոցով ընտրությունների հնարավորությունը։










