Դանիան սիրահար զույգերի վերամիավորման համար բացել է սահմանները սկանդինավյան երկրների և Գերմանիայի հետ

10:28 • 26.05.20

Դանիան երկուշաբթի օրվանից թուլացրել է սկանդինավյան այլ երկրների և Գերմանիաի հետ սահմանային վերահսկողությունը։ Երկրի իշխանությունները, մասնավորապես, թույլատրել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով իրարից բաժանված զույգերին վերամիավորվել, եթե, իհարկե, նրանք կարողանան հարաբերությունների առկայությունն ապացուցել, հայտնում է Reuters գործակալությունը։

Երկրի արդարադատության նախարար Նիք Հեքերուփի խոսքով՝ երկրի սահմանը հատելու ցանկություն հայտնած քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն այն մասին, որ իրենք հարաբերությունների մեջ են և մեկնում են իրենց սիրելիին տեսնելու համար։

Սակայն այժմ դանիական ոստիկանությունը հայտարարել է, որ զույգերը պետք է ընդհանուր տեքստային հաղորդագրություններ, անձնական լուսանկարներ կամ իրենց զուգընկերոջ մասին անձնական տեղեկություն հայտնեն, որպեսզի ապացուցեն որ ավելի քան կես տարի հարաբերությունների մեջ են։
Նշվում է, որ այս որոշումը քննադատվել է հասարակության կողմից, քանի որ այդ ամենը մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է համարվում։

«Երբեք չեմ լսել մի երկրի մասին, որտեղ մուտք գործելու համար անհարաժեշտ է անձնական հաղորդագրություններ կամ լուսանկարներ ցուցադրել։ Մենք սիրահարներին թույլ ենք տվել այցելել միմյանց, սակայն չենք պաշտպանել գաղտնիության պահպանման իրենց իրավունքը»,- հայտարարել է Դանիայի մի բնակիչ: