25-ից մինչև 500 եվրո տուգանք․ Հռոմում բժշկական դիմակներն ու ձեռնոցները փողոցներում նետելն այսուհետ կտուգանվի

17:48 • 26.05.20

Հռոմում բժշկական դիմակներն ու ձեռնոցները փողոցներում, այգիներում ու հրապարակներում նետած անձանց այսուհետ տուգանք է սպառնալու։ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հրամանագրի համաձայն՝ նախատեսվում է 25-ից 500 եվրոյի չափով տուգանք սահմանել, հայտնում է eadaily.com կայքը։

Քաղաքապետի հրամանագրում նշվում է, որ Հռոմի ամբողջ տարածքում արգելվում է միանգամյա օգտագործման համար նախատեսված անհատական պաշտպանիչ միջոցներ, այն է՝ դիմակներ և ձեռնոցներ նետել մայթերին, փողոցներում, հրապարակներում, այգիներում և Տիբեր գետի ափամերձ
շրջանում, ինչպես նաև Օսթիայի լողափերում։

Մայիսի 4-ին կարանտինային միջոցառումների թուլացման հետ մեկտեղ քաղաքային այգիներն ու այլ հանրային վայրերը պատվել են ամենուր նետված դիմակներով ու ձեռնոցներով։ Իշխանությունները հորդորում են բնակիչներին դրանք շենքերի, գրասենյակների և այլ հիմնարկությունների մոտ հատուկ տարաների մեջ գցել։ Հռոմում, ինչպես և Իտալիայի մնացած այլ քաղաքներում, աղբը տարանջատվում է, ուստի դրանք հատուկ նախատեսված տարաներում պետք է նետվեն։