Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8915, մահվան՝ 174 նոր դեպք

12:34 • 26.05.20

Ռուսաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8915 նոր դեպք, հիվանդությունից մահացել է 174, ապաքինվել՝ ավելի քան 12 000 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 2830, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 817, Սանկտ Պետերբուրգում՝ 363, Նիժնի Նովգորոդի և Սվերդլովսկի մարզերում՝ համապատասխանաբար 228 և 207։ Հայտնի է, որ նոր վարակակիրներից 3668-ի մոտ հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 362 342-ի, հիվանդությունից մահացել է 3807, ապաքինվել՝ մոտ 131 000 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,6 միլիոն մարդ, որից 348 132-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Հնդկաստանը։