Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի հիշատակին 10-օրյա սուգ է հայտարարվել
Իսպանիայի կառավարությունը մայիսի 27-ից կորոնավիրուսի զոհերի հիշատակին 10-օրյա սուգ է հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, երկրի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոյին:
«Այսօր առավոտյան նախարարների խորհուրդը հռչակագիր է ընդունել, որով ամբողջ երկրի տարածքում կորոնավիրուսի զոհերի հետ կապված 10-օրյա պաշտոնական սուգ է հայտարարվում: Դրոշները կիջեցվեն բոլոր պետական շենքերի և ռազմածովային ուժերի նավերի վրայից»,-ասել է Մոնտերոն:
Սա Իսպանիայի պատմության մեջ ամենատևական սուգը կլինի: Վերջին անգամ Իսպանիայում ազգային սուգ էր հայտարարվել 2017 թվականին՝ Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Վերջին տվյալներով՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 282 480 դեպք, վարակման հետևանքով մահացել է 26 837 մարդ:










