«Սպիտակները սևերի նկատմամբ առավելություն չունեն». Էրդողանը դատապարտել է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու սպանությունը

14:29 • 29.05.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում դատապարտել է սևամորթ Ջորջ Ֆլոյդի հետ տեղի ունեցածը, որն ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանական դաժանության զոհ է դարձել:

«Ռասիստական և ֆաշիստական մոտեցումը, որն ամերիկյան Մինեապոլիս քաղաքում հանգեցրել է Ջորջ Ֆլոյդի մահվանը, ոչ միայն ընկճել է մեզ, այլ նաև դարձել է անարդար դրվածքի ամենացավալի դրսևորումներից մեկը: Ես դատապարտում եմ այս անմարդկային մտածելակերպը՝ որպես իսլամական քաղաքակրթության ներկայացուցիչ, որը սովորեցնում է մեզ սիրել մարդկությունն Արարչի անունից: Թուրքիան միշտ և բոլոր պայմաններում դեմ է արտահայտվել ցանկացած տեսակի անմարդկային գործողության»,-գրել է Էրդողանը:

Նա հիշեցրել է նաև իսլամական մարգարե Մուհամեդի հադիսներից մեկը (մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցներ), որում ասվում է, որ «սպիտակները սևերի նկատմամբ առավելություն չունեն»:

«Այս սկզբունքից ելնելով ՝ մենք շարունակելու ենք պայքարել մարդկության իրավունքների պաշտպանության համար ՝ անկախ ցեղից, մաշկի գույնից, կրոնից, լեզվից կամ հավատքից»,-գրել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին սոցցանցերում տարածվել է 10 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է: