«Թո՛ւյլ տվեք նրանց շնչել»․ Իրանն ԱՄՆ-ում զանգվածային ցույցերի ֆոնին իշխանություններին կոչ է արել դադարեցնել քաղաքացիների դեմ բռնությունը
Իրանի արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ տղամարդու դաժան սպանության ֆոնին սկիզբ առած զանգվածային բողոքի ակցիաները, դիմել է ԱՄՆ իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունը սեփական քաղաքացիների նկատմամբ, գրում է ria.ru-ն։
Ճեպազրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին անգլերենով դիմել է ինչպես ամերիկյան իշխանություններին, այնպես էլ ԱՄՆ քաղաքացիներին՝ աջակցություն հայտնելով նրանց այն «ճնշված իրավիճակի» պատճառով, որի դեմ ամերիկացիները պայքարի են դուրս եկել։
«Ուղերձ ամերիկացի պաշտոնյաներին և ոստիկանությանը. դադարեցրե՛ք ձեր քաղաքացիների նկատմամբ բռնությունը, թո՛ւյլ տվեք նրանց շնչել»,- ասել է Մուսավին՝ դիմելով ԱՄՆ իշխանություններին:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Բողոքի ցույցեր են ընթանում շուրջ 140 քաղաքներում․ԱՄՆ-ի արդեն 21 նահանգում անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է Ազգային գվարդիան։










