«Յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա ռասիզմն արմատախիլ անելու հարցում»․ Միշել Օբաման անդրադարձել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահվանը
Սպիտակամորթները նույնպես պետք է իրենց ներդրումն ունենան ռասիզմն արմատախիլ անելու հարցում: Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ հայտարարել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման, գրում է CNN-ը:
Իր ֆեյսբուքյան էջում Օբաման ցավակցել է Ֆլոյդի, ինչպես նաև վերջին շաբաթվա ընթացքում ցույցերի ընթացքում զոհված սևամորթ կանանց և տղամարդկանց ընտանիքներին։
«Ինչպես ձեզնից շատերը, ես նույնպես մեծ ցավ եմ ապրում վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Ես հյուծվում եմ վշտից, որը կարծես թե երբեք չի ավարտվի»,- գրել է նա:
«Ռասան և ռասիզմն իրականություն են, որին զուգընթաց մեզնից շատերն ապրում և սովորում են դրան: Բայց եթե մենք հույս ենք փայփայում այն մի օր անցյալում թողնել, ապա դա չեն կարող միայն սևամորթներն անել։ Դա կախված է յուրաքանչյուրիցս՝ սևամորթներից, սպիտակամորթներից և բոլորից»,- ասել է նախկին առաջին տիկինը։
Միշել Օբամայի խոսքով՝ դա արմատախիլ անելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուրի ներդրումը։
«Ամեն ինչ սկսվում է նրանց ինքնավերլուծությունից և կողքինին լսելով, որի կյանքը տարբերվում է մեր կյանքից։ Այն ավարտվում է արդարությամբ, կարեկցանքով և գթասրտությամբ, որոնք դրսևորվում են մեր կյանքում և մեր փողոցներում»,- հավելել է նախկին առաջին տիկինը։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։










