Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. կրակի է մատնվել Արգել գյուղում գտնվող չշահագործվող դպրոցը. ժամանել են մի քանի մարտական հաշվարկով հրշեջներ. Shamshyan.com

19:40 • 01.06.20

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը՝ տեղեկացնելով, որ 15:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգել գյուղի չշահագործվող դպրոցում:

Օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2-ական մարտական հաշվարկ: Հրդեհի դեմ պայքարին հրշեջ-փրկարարներին միացել են նաև գյուղի բնակիչները, այդ թվում՝ ավագ և երիտասարդ սերնդի տղամարդիկ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել նաև մարզպետարանի ներկայացուցիչները: Տեղում են նաև ոստիկանության ներկայացուցիչներն ու մարզի բժշկական կենտրոններից մեկի բժիշկները: