Թրամփի գրառման վերաբերյալ Ցուկերբերգի հաղորդագրությունից հետո տեղի է ունեցել Թրամփ-Ցուկերբերգ հեռախոսազրույցը․ CNN

16:58 • 01.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախորդ շաբաթ՝ ուրբաթ օրը, հեռախոսազրույց են ունեցել, գրում է CNN-ը։

Աղբյուրը գրում է, որ Axios-ը նույնպես հայտնել է երկու կողմերի հեռախոսազրույցի մասին։ Նրանց խոսակցության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Facebook-ի ղեկավարն ուրբաթ հաղորդագրություն էր տարածել, որում բացատրել էր, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառման հարցում, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը, որոնք սկսվել են ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

«Ես ամբողջ օրը մտածել եմ՝ ինչպես արձագանքել նախագահի թվիթներին և հաղորդագրություններին։ Անձամբ ես ներքին բացասական արձագանք ունեմ նման պառակտիչ և հրահրիչ հռետորաբանության նկատմամբ»,- ասել է Ցուկերբերգը։

«Ես գիտեմ, որ շատ մարդիկ բարկացած են, որ մենք նախագահի հաղորդագրությունները չենք հեռացրել։ Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- գրել է Ցուկերբերգը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։ Նախագահը ցուցարարներին «ավազակներ» էր անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Հաղորդագրության հրապարակումից հետո երկուսուկես ժամվա ընթացքում Twitter-ը դրա վրա նախազգուշացնող պիտակ էր ավելացրել, որում ասվում էր, որ գրառման մեջ «բռնություն է փառաբանվում»։