Վաշինգտոնի քաղաքապետն ու Մինեսոտայի նահանգապետը պարետային ժամ են հայտարարել՝ Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին մեկնարկած ցույցերի զանգվածային ալիքի պատճառով
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը երկօրյա պարետային ժամ է հայտարարել մայրաքաղաքի շրջանում, որը մեկնարկելու է երկուշաբթի երեկոյան:
Ինչպես փոխանցում է CNN-ը, պարետային ժամը սահմնավում է վերջին օրերին քաղաքում ոստիկանության ներկայացուցիչների և Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո փողոց դուրս եկած ցուցարարների միջև տեղի ունեցող ռազմական բախումների պատճառով:
Վաշինգտոնից բացի այս միջոցին են դիմել նաև այլ քաղաքների և նահանգների ղեկավարները: Մասնավորապես, Մինեսոտայի նահանգապետը հայտարարել է երկու օրով պարետային ժամը երկարաձգելու մասին: Այդ որոշումը նա կայացրել է Մինեապոլիս և Սեյնթ Փոլ քաղաքների ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում:










