Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի արագ աճ է նկատվում Ամերիկաներում. ԱՀԿ
Ամերիկաներում, մասնավորապես՝ Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում, կորոնավիրուսով վարակման դեպքերի արագ աճ է նկատվում: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի ղեկավար Մայք Ռայանը:
«Ողջ աշխարհում 10 երկրից հինգը, որոնք վերջին 24 ժամում հաղորդել են վարակման նոր դեպքերի բարձր ցուցանիշի մասին, Ամերիկաներում են: Դրանք են Բրազիլիան, ԱՄՆ-ն, Պերուն, Չիլին և Մեքսիկան»,- ասել է Ռայանը:
Նշվում է, որ վարակման մեծ թվով նոր դեպքեր են արձանագրվել նաև Արգենտինայում, Կոլումբիայում, Հայիթիում, Բոլիվիայում:
Ռայանը հիշեցրել է, որ շաբաթներ առաջ որպես կորոնավիրուսի տարածման հավանական նոր օջախներ էին դիտարկվում Հարավային Ասիան և Աֆրիկան:










