Շուրջ 100 մլն եվրոյի անշարժ գույքի և բիզնեսի կայսրություն. Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարի երեխաների մեծ ներդրումները Եվրոպայում. հետաքննություն (լուսանկարներ)

14:11 • 01.06.20

Բրիտանական քննությունը պարզել է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի երեխաները մի շարք շքեղ տներ են ձեռք բերել Լոնդոնում, այդ թվում՝ 17 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ տուն Հարրոդսի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է occrp.org կայքը:

Հաճախորդների տվյալների մասին ֆայլերը, որոնք կոտրվել են Cayman National Bank (Isle of Man) Ltd (CNBIOM) կողմից դեռևս 2019 թվականի նոյեմբերին, ինչից հետո հրապարակվել են համացանցում, ցույց են տալիս, որ Մահմուդովների ընտանիքը Եվրոպայում շուրջ 100 միլիոն եվրո արժողությամբ անշարժ գույքի և բիզնեսի կայսրություն է ստեղծել:

Գրեթե բոլոր ակտիվները ձեռք են բերվել Էլդար Մահմուդովի որդու`36-ամյա Անար Մահմուդովի և դստեր` 31-ամյա Նարգիզ Մահմուդովայի հետ կապված ընկերությունների միջոցով:

Կայմանյան կղզիներում գործող բանկը նշել է, որ 2014-ի հոկտեմբերից 2015-ի հուլիս ընկած ժամանակահատվածում Անար Մահմուդովը գրեթե 14 միլիոն ֆունտ է վճարել Britannia Group Ltd-ի հաշիվներին:

Լրագրողների կողմից տվյալների արտահոսքի համատեղ հետաքննությունը ցույց է տալիս, որ եղբոր և քրոջ կողմից ձեռք բերված օբյեկտների թվում են երկու գրասենյակային շենքեր Պուլ և Բորնմութ քաղաքներում, որոնք արժեն 13,5 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետաքննությունը ցույց է տալիս նաև, որ Անար Մահմուդովն իրավունք ունի Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի Պոնտ սթրիթ փողոցի վրա գտնվող չորսհարկանի անշարժ գույքի նկատմամբ, որը գնվել է 17,35 միլիոն ֆունտ ստերլինգով:

Հայտնի է, որ Անար Մահմուդովի զոքանչը՝ Ադրբեջանի միջազգային բանկի ձերբակալված նախկին ղեկավարի կին Զամիրա Հաջիևան, ավելի քան 16 միլիոն ֆունտ է ծախսել Հարրոդսում:

Անար և Նարգիզ Մահմուդովների փաստաբանները նշել են, որ «ընտանիքի հարստության պատմությունը կարելի է ուսումնասիրել մինչև նրանց նախնին` Ասլան Աշուրովը, որը հարստացել է 19-րդ դարում»: Նրանք նշել են նաև, որ «Անար Մահմուդովն առանց այն էլ հաջողակ գործարար է»:

Հրապարակված փաստաթղթերի մեջ եղել է նաև նամակ, որը բացատրել է, որ Անար Մահմուդովն իր հարստությունը ստացել է հորաքրոջից` Էլմիրա Մահմուդովայից, «որը Բաքվում նավթային և շինարարական ընկերություն է հիմնել»:

Հետաքննությունը պարզել է, որ Մահմուդովներն անշարժ գույք և ընկերություններ ունեն նաև Մալյորկայում, Լյուքսեմբուրգում և Լիտվայում: