ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության համար մեղադրվող ոստիկանի դեմ նախկինում 18 բողոք է ներկայացված եղել. նրան առավելագույն խիստ ռեժիմի բանտ են տեղափոխել

19:17 • 01.06.20

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի ոստիկան Դերեկ Չաուվինի դեմ, որը խեղդամահ է արել աևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդին՝ ծնկով սեղմելով նրա պարանոցը, 18 բողոք է ներկայացված եղել նախկինում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին:

Նշվում է, որ այդ բողոքներից մեկը ներկայացված է եղել դեռևս 2013թ.: Քրիստոֆեր Բերգ անունով քաղաքացին հայտնել է, որ այն ժամանակ Չաուվինը ատրճանակով սպառնացել է իրեն, երբ ինքն ընկերների հետ դպրոցից տուն վերադառնալիս խաղալիս է եղել իր խաղալիք հրացանով:

Այն ժամանակ ոստիկանությունից Բերգի մայրիկին հայտնել են, որ տղաները փորձել են փախչել ոստիկաններից: Բերգն այժմ խոստովանում է, որ սարսափել է լսելով, որ նույն ոստիկանը ներգրավված է Ջորջ Ֆլոյդի սպանության գործում:

Fox News-ի տեղեկություններով՝ Չաուվինին, որի դեմ սպանության մեղադրանք է առաջադրված, կալանքի տակ է գտնվում և տեղափոխվել է Մինեսոտա նահանգի առավելագույն խիստ ռեժիմի բանտ:  

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում: