Հավեյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ բողոքի ցույցերին արձագանքելու համար. Սպիտակ տուն
Հավելյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ կատաղի բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմիններին աջակցելու համար: CNN-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Սպիտակ տան մամլո քարտուղար Քեյլի Մաքինանին ճեպազրույցի ժամանակ:
«Չեմ ուզում առաջ անցնել այն գործողություններից, որոնց մասին կհայտարարվի, սակայն կարող եմ ասել, որ հավելյալ դաշնային ուժեր կտեղակայվեն, ինչպես նաև կենտրոնական հրամանատարական կենտրոն կստեղծվի տեղական կառավարությունների հետ համատեղ»,- մանրամասնել է մամլո քարտուղարը:
Հիշեցնենք, որ երկրով մեկ բռնկված և օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերի ֆոնին ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքապետն ու Մինեստոայի նահանգապետը հայտարարել էին երկու օրով պարետային ժամ սահմանելու մասին:
Ամերիկացիների շրջանում բողոքի զանգվածային ալիք է բարձրացրել մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում ոստիկանության ներկայացուցչի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունը: Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում պատկերվում էր, թե ինչպես է ոստիկանը ծնկով սեղմում Ֆլոյդի պարանոցը, մինչ վերջինս պնդում էր, որ չի կարողանում շնչել: Ոստիկանն անտեսել է նրա խոսքերը, ինչից հետո տղամարդը մահացել է: Ոստիկանն այժմ ձերբակալված է, նրան տեղափոխել են խստացված ռեժիմի կալանավայր:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆլոյդի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի:










