«Ռասիզմն իրականություն է, և այն ամենուր է»․ Ադելը դատապարտել է Ջորջ Ֆլոյդի սպանությունը և իր աջակցությունը հայտնել Black Lives Matter շարժմանը

16:30 • 02.06.20

Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը դատապարտել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, գրում է Daily Mail-ը։

Երկուշաբթի 32-ամյա երգչուհին Instagram-ոմ հրապարակել է Ֆլոյդի լուսանկարը՝ գրելով, որ «ռասիզմն իրականություն է և այն ամենուր է»։

Իր աջակցությունը հայտնելով Black Lives Matter շարժմանը՝ «Գրեմմի» մրցանակի դափնեկիրը գրել է․ «Ջորջ Ֆլոյդի սպանությունը շոկ է առաջացրել ամբողջ աշխարհում։ Բողոքի ցույցերն ու երթերը միաժամանակ տեղի են ունենում ամբողջ երկրագնդով մեկ և նոր թափ են հավաքում։ Այնպես որ, պետք է արդարացիորեն զայրացած, բայց միևնույն ժամանակ կենտրոնացած մնալ։ Շարունակեք լսել, շարունակեք հարցնել և սովորել»։

Ադելի խոսքով՝ խոսքը համակարգված ռասիզմի, ոստիկանական բռնության և անհավասարության մասին է։ Եվ դա տեղի է ունենում ոչ միայն ԱՄՆ-ում։

«Ռասիզմն իրականություն է, և այն ամենուր է»,- հավելել է երգչուհին։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

ԱՄՆ-ում հանրահայտ երգիչները, այդ թվում՝ Ռիհաննան, Բեյոնսեն և այլք, նույնպես միացել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո անցկացվող ցույցերի մասնակիցների՝ երկրում արմատական փոփոխությունների, հավասարության և ռասիզմի բացառման կոչերին։