ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության մեջ մեղադրվող ոստիկանի կինն ապահարզանի դիմում է ներկայացրել

19:53 • 02.06.20

ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինի կինն ապահարզանի դիմում է ներկայացրել և ցանկանում է փոխել իր ազգանունը:  

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ Քելլի Չաուվինն ամուսնուց հեռացել է մայիսի 28-ին, որի հաջորդ օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության համար: Զույգն ամուսնացել է 2010 թվականին:

Հիշեցնենք, որ նախօրեին Դերեկ Չաուվինին տեղափոխել են առավելագույն խիստ ռեժիմի կալանավայր: Նրա կողմից սպանությունը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Վերջինս ձերբակալության պահին ծնկով սեղմած է պահել Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի պարանոցը: Տղամարդը մի քանի անգամ կրկնել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկանն ուշադրություն չի դարձրել նրա աղաչանքին: Կարճ ժամանակ անց Ֆլոյդը մահացել է:

Միջադեպից հետո ԱՄՆ մի շարք նահանգներում, ինչպես նաև եվրոպական երկրներում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են խստագույնս պատժել ոստիկանին: