80 հազար դրամի համար եթե մարդու կյանքի հետ խաղաս, վաղը դու դա ո՞նց կընդունես. Վահե Ղալումյանը՝ «Մեյմանդարի» շուկայի բողոքի ակցիայի մասնակցին (տեսանյութ)

17:00 • 02.06.20

«Մեյմանդարի» շուկայի վաճառողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը դիմեց ակցիայի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված վիճակը:

«Այսօր, որ նայենք ստատիստիկ թվերին, Հայաստանում 100 հոգի որ վարակվում է, միջին ցուցանիշներով 2 հոգի մահանում է: Եթե մենք՝ ամենքս մեր 100, 200, 500 հազար դրամի ապրանքը վաճառելու համար մի հոգու կյանքի հետ խաղանք, վաղը դա ինչպես կընդունենք»,-ասաց նա:

Ակցիայի մասնակիցն արձագանքեց՝ խոսքն ավելի մեծ գումարի մասին է, քանի որ հարակից ծախսեր կան: Պատգամավորի դիտարկմանը, թե այսօր, որքան գումար պետք է աշխատեր, քաղաքացին պատասխանեց՝ 80 հազար դրամ:

«80 հազար դրամի համար, եթե մի մարդու կյանքի հետ խաղաս, վաղը դու ո՞նց կընդունես»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ շուկան պետք է փակվի երկու օրով, որպեսզի տարածքում ախտահանում իրականացվի, սակայն վաճառողները դժգոհում են՝ նշելով, թե արդեն գնված ապրանքը կարող է փչանալ:

Մանրամասները՝ տեսանյութում: