Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել. մարզպետ

18:19 • 02.06.20

Վանաձորում գտնվող «Գլորիա» կարի արտադրամասում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել, մոտ 20 կոնտակտավոր անձինք մեկուսացվել են: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

«Բոլոր անվտանգության կանոնները ֆաբրիկանում պահպանվել են և հսկվել են տեսչական մարմնի կողմից, բայց այդ մարդիկ օրվա մի մասը հաստատությունից դուրս են գտնվում, հետևաբար կարող էին այլ վայրերից վարակվել, և հիմա ընդհանրապես հնարավոր չէ պարզել, թե որտեղից են վարակվել: ՀՎԿԱԿ Լոռու մասնաճյուղի աշխատակիցները աշխատանքներ են տանում, որպեսզի  մեկուսացման ռեժիմ ապահովեն»,- ասաց նա:

Մարզպետը հավելեց, որ երեք վարակակիրներն էլ Վանաձորի բնակիչներ են: Նա նաև հիշեցրեց, որ մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօրվա դրությամբ 96 է և մինչ օրս գրանցվել է մահվան 1 դեպք: