Եթե հոգեբանական պրոբլեմներ ունեցող պատգամավոր ունեք, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկներ, կարգի հրավիրեք ձեր գործընկերոջը. Քրիստինե Պողոսյանը՝ ԲՀԿ-ին (տեսանյութ)
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց, որ դիմում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, որպեսզի կարգի հրավիրեն իրենց գործընկերներին:
«Դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով, որքան նրա ճանաչում եմ, խոսել է մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքը բացառելուց և այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներից»,- ասաց նա:
«Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, ովքեր լուրջ խնդիրներ ունեն հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, և դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկներ, գիտենք հոգեբուժարանի ղեկավարներին, մասնագետների, որոնք կօգնեն՝ այդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- ասաց նա և ավելացրեց.
«Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմանները, մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է, կարգի հրավիրեք ձեր գործընկերոջը»:
Նշենք, որ Քրիստինե Պողոսյանը չասաց, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ում նկատի ունի:










