Ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում՝ 2018-ից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով. Նարեկ Թադևոսյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ Նարեկ Թադեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ստեղծված մթնոլորտի պատճառով դադարեցնում է աշխատանքը քաղաքապետարանում:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի ընկերներ, կոլեգաներ և քաղաքացիներ, սեփական դիմումի համաձայն ես ավարտում եմ իմ աշխատանքը Երևանի քաղաքապետարանում` 2018 թվականից ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով: Աշխատանքային այս գաղջ պայմանները միտված են նախկին փորձառու կադրերից հրաժարվելուն, որոնցից նոր իշխանությունները փորձում են ազատվել կյանքի գնով` հաճախ անցնելով անգամ անթույլատրելիի սահմանը:
Քաղաքապետարանում դեռևս ինչ-ինչ անձնական պատճառներով աշխատող «հին» գործընկերներիս մաղթում եմ ամուր նյարդեր և հանդուրժողականություն` դիմագրավելու նորեկների դիլետանտությանը, որն, ինչպես համոզվեցինք, խրոնիկ բնույթի է:
Այսուհանդերձ, լիահույս եմ, որ իմ ծննդավայր և հարազատ մայրաքաղաք Երևանը կունենա արժանի քաղաքապետ»:










