Վաշինգտոնի քաղաքապետը խայտառակություն է անվանել Սպիտակ տան մոտ հավաքված «անզեն ցուցարարների» ցրումը

09:36 • 02.06.20

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բաուզերը խայտառակություն է անվանել երկուշաբթի երեկոյան Սպիտակ տան մոտ հավաքված «անզեն ցուցարարների» ցրումը:

«Ես պարետային ժամ եմ սահմանել՝ ժամը 19։00-ից սկսած: Պարետային ժամից 25 րոպե առաջ և առանց որևէ սադրանքի դաշնային ոստիկանությունը զինամթերք է կիրառել Սպիտակ տան դիմաց հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս գործողություններն ավելի կբարդացնեն Վաշինգտոնի ոստիկանության աշխատանքը։ Դա խայտառակություն է»,- գրել է քաղաքապետը Twitter-ում։

«Վաշինգտոնի բնակիչներ, տուն գնացե՛ք։ Անվտանգ մնացե՛ք»,- հավելել Է Բաուզերը։

Երկուշաբթի ոստիկանությունը ցուցարարներին դուրս է հանել Սպիտակ տան մոտ գտնվող պուրակից։ Այդ պահին այդ շրջանում անկարգություններ չեն եղել։ 

Աֆրոամերիկուհի Բաուզերը ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը, որի կողմնակիցները կազմում են քաղաքի մեծամասնությունը։ Վաշինգտոնի բնակչության մեծամասնությունը սևամորթներ են:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։