Վրացական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ պահանջել են հեռացնել ԼԳԲՏ դրոշը Թբիլիսիի կենտրոնից

14:58 • 02.06.20

Վրացական «Բարոյականություն» համայնքի և մի շարք այլ ուղղափառ կազմակերպությունների ներկայացուցիչներ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Թբիլիսի փրայդ» ոչ կառավարական կազմակերպության գրասենյակի մոտ համատեղ բողոքի ակցիա են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Վրաստանի առաջին ալիքին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները պահանջել են հանել Ախվլեդիանի փողոցում գտնվող կազմակերպության գրասենյակի շենքի վրա Վրաստանի դրոշի կողքին կախված ԼԳԲՏ համայնքի դրոշը:

«Գրասենյակի մոտ հավաքներն այսօրվանից պարբերական բնույթ կկրեն այնքան ժամանակ, քանի դեռ ԼԳԲՏ-ի դրոշը չի հանվել»,-հայտարարել է ցուցարարներից Պալավանդիշվիլին:

«Թբիլիսի փրայդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնք հայտնի են հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի օրերին իրենց համերաշխության գործողություններով, գրասենյակի մոտ հավաքված ցուցարարներին պատասխանել են, որ «ամեն ոք ունի բողոքի իրավունք», որը չպետք է դուրս գա վրացական օրենսդրության սահմաններից: