Իտալիան Հանրապետության օրը նշում է առանց ավանդական զորահանդեսի
Իտալիան այսօր նշում է Հանրապետության օրը՝ առանց ավանդական դարձած Հռոմի ռազմական շքերթի, որն այս տարի չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հանրապետության օրը նշվում է ի հիշատակ 1946 թվականի հունիսի 2-ի իրադարձությունների, երբ կառավարման համակարգի վերաբերյալ համազգային հանրաքվեի արդյունքներով իտալացիների մեծ մասը կողմ արտահայտվեց հանրապետությանն ու միապետության չեղարկմանը, որն իր հեղինակությունն արատավորել էր Մուսոլինիի ֆաշիստական ռեժիմի հետ համագործակցությամբ:
Այս անգամ ազգային տոնակատարություններն անցկացվել են զուսպ` բավարարվելով Հռոմի կենտրոնում գտնվող «Հայրենական խորանի» մոտ տեղի ունեցած միջոցառումով, որին մասնակցել է երկրի բարձրագույն ղեկավարությունը: Քաղաքի կենտրոնում գտնվող քաղաքացիները ծափահարություններով են դիմավորել երկրի ղեկավարությանը:
Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլան ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին: Ծաղկեպսակը դնելու պահին 9 ինքնաթիռ է անցել, որոնք երկնքում Իտալիայի դրոշն են պատկերել:










