«Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». պարետի որոշմամբ՝ 2 օր փակ է լինելու «Մեյմանդարի» շուկան, գյուղացիներն ընդդիմանում են (տեսանյութ)

14:34 • 02.06.20

15:57

Մեյմանդարի շուկայի վաճառողներին առաջարկեցին այսօրվանից աշխատել մինչև վաղը՝ ժամը 10:00-ն, իսկ հաջորդ մեկ օրվա ընթացքում չաշխատել՝ թույլ տալով իրականացնել տարածքի ախտահանում: Քաղաքացիները դժգոհեցին՝ իսկ ի՞նչ պետք է անեն, եթե արդեն իսկ գնված ապրանքն այսօրվա ընթացքում չկարողանան վաճառել, և այն փչանա: 

«Թողեք, աշխատենք, որ գնանք գողություն անենք, լա՞վ ա: Զոռով ասում եք՝ գնա գողություն արա»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Վաճառողներն առաջարկեցին փակել շուկայի մի հատվածը, մյուս հատվածում շարունակել վաճառքը, սակայն այն մերժվեց:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, ով նշեց, որ երեկ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 19 դեպք, և Կառավարությունը չի կարող հաջողել համավարակի տարածման դեմ պայքարում՝ առանց ժողովրդի աջակցության: «Ձեր՝ պարետի որոշմանը ենթարկվելը փրկելու է կյանքեր»,-նշեց նա:

14:34

Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկան ոստիկանները ցանկանում են փակել, գյուղացիներն ընդդիմանում են. «Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ»,-ասաց նրանցից մեկը։

Գյուղացիները նշում են, որ շուկան փակելու դրդապատճառը Արտաշատի շուկան զարգացնելու միտումն է.
«Արտաշատի շուկան հենց բացվեց, որոշեցին, որ կորոնավիրուս կա ու փակում են շուկան»,-նշեց գյուղացիներից մեկը։