Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի թաղման ծախսերն իր վրա է վերցրել
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստվում է ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի թաղման ծախսերը հոգալ: Այս մասին ESPN հեռուստաալիքին հայտնել է նախկին բռնցքամարտիկի ներկայացուցիչ Լեոնարդ Էլերբին։
«Նա երևի շատ կբարկանա, որ ասում եմ այս մասին, սակայն թաղման ծախսերն անպայման իր վրա կվերցնի»,- հայտարարել է ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ նախկին բռնցքամարտիկն արդեն կապ է հաստատել աֆրոամերիկացու ընտանիքի հետ և իր առաջարկի համար համաձայնություն ստացել։
«Մեյվեզերը վերջին 20 տարվա ընթացքում նման գործեր հաճախ է ձեռնարկել»,- նկատել է Էլերբին և պարզաբանել, որ այս պարագայում նախկին չեմպիոնն ինքնագովազդի չի ձգտում և կնախընտրեր, որ չխոսվեր այդ մասին։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։










