ԱՄՆ-ում Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո չդադարող ցույցերը զսպելու համար ներգրավվել է Ազգային գվարդիայի ավելի քան 20․000 անդամ

18:46 • 02.06.20

ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ավելի քան 20․000 անդամներ են ակտիվացվել՝ աջակցելու երկրում տիրող քաղաքացիական անհնազանդությունների ժամանակ կարգուկանոնի պահպանմանը:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Ազգային գվարդիայի ուժերն ակտիվացվել են առնվազն 28 նահանգներում և Վաշինգտոնի շրջանում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Վաշինգտոնում ամեն ինչ վերահսկողության տակ է»: Վերջինս նման գրառում է կատարել, երբ իրավապահներն արցունքաբեր գազի միջոցով ցրել են ցուցարարների բողոքի ակցիան Սպիտակ տան մոտակայքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտի սպանությունից հետո: Օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույն պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար: