Հարձակումներ սպորտային ապրանքների, կենցաղային տեխնիկայի, թանկարժեք զարդերի խանութների վրա. Նյու Յորքում անցկացվող ցույցերը զանգվածային կողոպուտների են վերաճել (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցերը վերաճել են զանգվածային կողոպուտների․ ավազակները մութն ընկնելուն պես թալանել են Մանհեթենի խանութները, գրում է dailymail.co.uk-ը։
Չարագործները հիմնականում հարձակումներ են գործել սպորտային ապրանքների, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև թանկարժեք զարդերի խանութների վրա։ Նրանք ընդհանուր ավելի քան 10 խանութ են թալանել։
Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ գիշերը փողոցներում են անցկացրել՝ այդպես խախտելով քաղաքում ժամը 23:00-ից հետո սահմանված պարետային ժամը (ժամը 7.00-ը՝ Երևանի ժամանակով)։
Անկարգությունների դադարեցման համար քաղաքի այս հատված ոստիկանական մեծ թվով ուժեր են ուղարկվել։
Չիկագոյում էլ ամբոխը մոտակայքով անցնող գնացքն է կողոպտել։ Կատարվածի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում, որում երևում է, թե ինչպես է ավազակների մի մասը գնացքից տեխնիկա և այլ ապրանքներ հանում, իսկ մնացածը վազում են նրա հետևից և իրեր ընտրում։
Անկարգություններով, վանդալիզմով և ոստիկանության վրա հարձակումներով ուղեկցվող բողոքի այս ցույցերն ամերիկյան տասնյակ քաղաքներ են ընդգրկել։ ԱՄՆ իշխանություններն էլ, իրենց հերթին, զգուշացրել են, որ ոստիկանության հետ ցանկացած բախում կամ իրավապահներին ուղղված ցանկացած սպառնալիք որպես ներքին ահաբեկչություն է դիտարկվելու։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։














